Թեժ բանավեճ Հայաստանում. ո՞ր ղեկավարն է ավելի շատ դեմ ցեղասպանության ճանաչմանը

2025 թվականի ապրիլի 8-ին Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Օսկանյանը 2007 թվականի հուլիսին ամերիկացի դիվանագետներին հայտնել են, որ «նրանք պատրաստ են խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը, եթե Թուրքիան պարզապես բացի սահմանը կամ վերագործարկի Կարս–Գյումրի երկաթուղին»:
Բաբաջանյանն որոշ չափով սխալ է մեջբերել Օսկանյանի խոսքերը, որ նա ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզային 2007 թվականին Երևանում կայացած հանդիպման ժամանակ. «Եթե Թուրքիան բացի սահմանը և նորմալացնի հարաբերությունները, ես հաջորդ օրը թռչում եմ Վաշինգտոն՝ հայկական լոբբիներին համոզելու, որ չաջակցեն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»։
Բրայզան այս զեկույցը գրել է Քոչարյանի և Օսկանյանի հետ 2007 թվականի հուլիսին Երևանում ունեցած հանդիպումից հետո: WikiLeaks-ը Բրայզայի ամերիկյան ներքին զեկույցը հրապարակել է մի քանի տարի անց:
Բաբաջանյանը շարունակել է մեջբերել Քոչարյանի խոսքերը Բրայզայի զեկույցից. «Ինձ պետք չի [Հայոց ցեղասպանության ճանաչման] բանաձևը։ Ինձ պետք է բաց սահման և առևտրային հավասարակշռության հնարավորություն Թուրքիայի հետ»։
Օսկանյանը ապրիլի 10-ին Ֆեյսբուքում զայրացած պատասխանել է Բաբաջանյանին՝ մեղադրելով նրան «իբր WikiLeaks-ի փաստաթղթի վրա հիմնված կեղծ լուրեր տարածելու մեջ»։ Օսկանյանը հայտարարել է, որ Բաբաջանյանը «ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է»։
Ուսումնասիրելով WikiLeaks-ի 2007 թվականի փաստաթղթերը և համեմատելով դրանք Բաբաջանյանի ու Օսկանյանի գրառումների հետ, ես պարզեցի նրանց հակասական հայտարարությունների պատճառը։
Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ չի պարզաբանել, որ նա մեջբերում է Բրայզայի հանդիպումների մասին երկու տարբեր հաղորդագրություններից, որոնք տեղի են ունեցել Երևանում տարբեր ամսաթվերով՝ 2007 թվականի մարտի 28-ին և նույն թվականի հուլիսի 30-ին: Բաբաջանյանը հրապարակել է երկու փաստաթղթերի չթարմացված հատվածները:
Ուստի, երբ Օսկանյանը գրել է, որ Բաբաջանյանը «ստում է», քանի որ WikiLeaks-ի փաստաթղթում նման հայտարարություն չկա, Օսկանյանը չի հասկացել, որ Բաբաջանյանը նկատի է ունեցել Բրայզայի երկրորդ զեկույցը։
Սովորաբար, փաստաթղթի հղման վերաբերյալ թյուրիմացությունը լուրջ խնդիր չէ: Սակայն հաշվի առնելով, որ Փաշինյանի շրջապատն օգտագործում է բոլոր հնարավորությունները նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Օսկանյանին մեղադրելու համար, վերջինիս կողմից կտրուկ արձագանք եղավ։ Բաբաջանյանը կոշտ քննադատության էր ենթարկել Քոչարյանին և Օսկանյանին՝ հայտարարելով, որ նրանք «ոչ միայն պատրաստ էին լռեցնել սփյուռքի Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, զոհաբերել ամբողջ ժողովրդի հիշողությունը, այլև բացահայտորեն ընդգծել՝ ցեղասպանության ճանաչումը իրենց օրակարգում առաջնահերթ չէ»։ Բաբաջանյանը հավելել է, որ նախկին ղեկավարները ներկայիս իշխանություններին անվանում են «թուրք, դավաճան և հողատու»։
Ուզում եմ Բաբաջանյանին հիշեցնել հայտնի ասացվածքը՝ «Նրանք, ովքեր ապրում են ապակե տներում, չպետք է քարեր նետեն»։ Նախքան մատնացույց անելը, համոզվեք, որ ձեր ձեռքերը մաքուր են:
Սա չի նշանակում, որ ես պաշտպանում եմ նախկին ղեկավարներին։ Ես բազմաթիվ դեմառդեմ բանավեճեր եմ ունեցել թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի հետ շատ հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն ես ավելի մեծ տարաձայնություններ ունեմ վարչապետ Փաշինյանի հետ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի