Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի շփոթեցնող ու հակասական հայտարարությունները

Պատմությունն սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արցախի շուրջ պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:
Այդ համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված էր. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։
Ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր սխալ պնդումը, թե 2020 թվականի համաձայնագրում Ռուսաստանը չի հիշատակվում, լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք նա կընդունի միջազգային վերահսկողության իրականացում Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վրա Հայաստանի տարածքով։ Փաշինյանը մերժեց այդ գաղափարը։
Հուլիսի 1-ին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը հոդված հրապարակեց Carnegie Russia-Eurasia Center-ի համար, հաղորդելով, որ ԱՄՆ-ն առաջարկում է Զանգեզուրի երթուղու միջազգային կառավարում, մի գաղափար, որը նախկինում առաջ էր քաշել Եվրամիությունը: Վարդանյանը հուլիսի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշ Հաքը առաջարկը ներկայացրել է հայ և ադրբեջանցի պաշտոնյաներին մայիսյան իր այցի ժամանակ: Անանուն աղբյուրը հուլիսի 14-ին Middle East Eye-ին հայտնել է, որ սկզբնապես Թուրքիան էր առաջարկել այդ ծրագիրը՝ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերքումներին: Middle East Eye-ը հավելել է. «Հայկական կողմը պահանջել է, որ [ամերիկյան] ընկերությունը աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքվի համար»:
Հատկանշական է, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել Քարնեգիի զեկույցը։
Արտառոց է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, այլ ոչ թե Պետդեպարտամենտն է հայտարարություններ անում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ արտաքին քաղաքականության մասին: Սա ակնհայտորեն դուրս է նրա իրավասությունից: Միևնույն ժամանակ, Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները լռում են: Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է անփորձ անշարժ գույքի ներդրողին խիստ կարևոր դիվանագիտական պաշտոնի համար: Բարաքը նախկինում ներգրավված է եղել մի քանի սկանդալների մեջ: Նա մի անգամ կանչվել է Կոնգրեսի հանձնաժողովին ցուցմունք տալու այն ժամանակվա գլխավոր դատախազ Էդվին Միզի տան գնման հետ կապված կասկածելի նվերի վերաբերյալ: 2021 թվականին Բարաքին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա պետության գործակալ լինելու, արդարադատությանը խոչընդոտելու և իրավապահ մարմիններին կեղծ հայտարարություններ անելու համար: Հետագայում նա արդարացվեց դատավարությունից հետո:
Ավելի անհանգստացնողն այն է, որ հուլիսի 11-ի իր հարցազրույցում Բարաքը հայերին նկարագրել է որպես «ցեղային տեսակետ» ունեցողների, ինչը խորապես վիրավորական դիտողություն էր լիբանանյան ծագում ունեցող և Լոս Անջելեսի բնակչի կողմից, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը Azatutyun.am-ին ասաց, որ Երևանը դեմ չէ «արտապատվիրակել» որոշակի գործառույթներ որևէ լիցենզավորված միջազգային ընկերության։ Նա նշեց, որ մի շարք երկրներ ներկայացրել են առաջարկներ, որոնք ներկայումս քննարկվում են։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ «տարբեր միջազգային գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»։
Սակայն հուլիսի 14-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հակասեց ինչպես Սաֆարյանին, այնպես էլ Բադալյանին․ «Այդ առաջարկն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար… [որը] չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի իր սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։ Նա հավելեց. «Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս միայն գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալություն՝
Նախագահ Էրդողանը Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովի ժամանակ ևս մեկ շեշտադրում ավելացրեց. «Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում»։ Սա համընկնում է Փաշինյանի հայտարարությանը, որում նա պատրաստակամություն է հայտնել հեշտացնել ադրբեջանական տարանցումը Հայաստանի տարածքով։
Իրավիճակն ավելի խճճվեց, երբ նախագահ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարեց. «Եվ մենք լուծել ենք ևս մեկ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Թվում է, թե այն մոտ է լուծմանը, հաջող լուծմանը»։ Շատ վերլուծաբաններ սա կապում են նրա՝ Նոբելյան խաղաղության մրցանակի ձգտման հետ։
Փաշինյանը հակասեց իր խոսնակին հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ ԱՄՆ-ի առաջարկն ընդունելի է Հայաստանի համար: Նա սխալմամբ նույնացրեց ճանապարհի վարձակալությունը Հայաստանի օդանավակայանի, ջրային համակարգի, երկաթուղու և փոստային ծառայությունների արտաքին կառավարման հետ:
Երբ լրագրողները փորձեցին ԱՄՆ պետքարտուղարությունից պարզաբանում ստանալ, այն կրկին հրաժարվեց մեկնաբանել՝ առաջարկելով կապ հաստատել Սպիտակ տան հետ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի