Նիկոլ Փաշինյանի խաբուսիկ խոստումները՝ գոյություն չունեցող խաղաղության մասին
Տեսնելով, որ ոչ ոք լուրջ չէր ընդունում իր պատրանքային խաղաղության մասին պնդումները, Փաշինյանը վերջապես անցած շաբաթ խոստովանեց, որ խաղաղությունը դեռ շատ հեռու է. «Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք անհրաժեշտությունը շարունակելու հետագա գործողությունները հասնելու Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը»։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց նույն միտքը, երբ Սպիտակ տանը հանդիպումից քիչ անց կրկին պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, նախքան ինքը կկարողանա ստորագրել պայմանագիրը։
Օգոստոսի 18-ին Փաշինյանը, իր ուղերձում ժողովրդին, պաշտպանեց Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող առաջարկվող ճանապարհը՝ հայտարարելով, որ այն «հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։ Իրականում, նա համաձայնում է Հայաստանի տարածքի կենսական նշանակություն ունեցող մի հատվածի վերահսկողությունը հանձնել օտար պետության՝ 99 տարով, ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե Փաշինյանի նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով անցնելու հնարավորություն տալն է, ապա ինչո՞ւ նրանց տրամադրել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «անխոչընդոտ հաղորդակցությունը», ինչը նշանակում է՝ սահմանին չստուգել նրանց անձնագրերն ու ուղեբեռը։ Քանի որ համաձայնագիրը, իբր, «փոխադարձության սկզբունքով» է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նմանատիպ «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։
Հայ հասարակությանը հետագա զիջումների համար նախապատրաստելու նպատակով Փաշինյանը հայտարարեց. «Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել»։ Սա քողարկված մեղմաբանություն է, որը նշանակում է՝ զրկել Հայաստանին ցանկացած վերահսկողությունից ադրբեջանցիների կողմից հայկական սահմանը հատելու նկատմամբ։ Նախկինում նա հայտարարել էր, որ պատրաստ է «հեշտացնել» նրանց տարանցումը Հայաստանի տարածքով։
Փաշինյանը պատրանքներ էր փայփայում, որ Հայաստանն ու Ադրբեջանը «կնախանշեն պայծառ ապագայի ուղի… որը կանխորոշված չէ անցյալի հակամարտությամբ», պնդելով, որ «մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ…»: Նա երկու անգամ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»: Առանց իրական խաղաղություն ձեռք բերելու՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն էականորեն չի ավելանալու, եթե ընդհանրապես ավելանա, մինչդեռ Ալիևը, որի բանակն արդեն զինված է մինչև ատամները, ծրագրում է միլիարդավոր դոլարների արժողությամբ ժամանակակից զենքեր գնել:
Փաշինյանը նույնիսկ արդարացրեց նախաստորագրված խաղաղության պայմանագրից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջի բացակայությունը՝ պնդելով, թե գերիների ցանկացած հիշատակում կուշացնի նրանց ազատումը: Իրականում ճիշտ հակառակն է: Փաշինյանը ոչինչ չի արել նրանց ազատ արձակման համար՝ վախենալով, որ նրանք ազատվելով, կարող են մարտահրավեր նետել իր անկայուն իշխանությանը:
Փաշինյանն իր կեղծ հայտարարությունների շարքը եզրափակեց հայ ժողովրդին ուղղված հետևյալ պարտվողական ուղերձով. «Քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։
Հայաստանի 2020 թվականի աղետալի պարտությունից հետո ես կոչ եմ արել Փաշինյանին անհապաղ հրաժարական տալ։ Ղեկավարը, որը պատասխանատու է նման խոշոր աղետի համար, զուրկ է իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բարոյական հեղինակությունից և ոգու տոկունությունից։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

