Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի,
Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար
հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում Սփյուռքին։
Ստորև ներկայացված են մի քանի հոդվածներ, որոնք AVİM-ը հրապարակել է վերջին չորս շաբաթվա ընթացքում.
1. «Հայաստանը՝ Սփյուռքի հավակնությունների և պետական հիշողության միջև», (հեղինակ՝ Այգյուն Աթար, 14
սեպտեմբերի, 2026 թ.)։
Ահա, թե ինչպես է հեղինակն ամփոփել հոդվածը. «Հայկական սփյուռքը պատմականորեն նշանակալի դեր է խաղացել
ժամանակակից հայկական քաղաքական ինքնության ձևավորման և Հայկական հարցի միջազգայնացման գործում։
Մասնավորապես, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և եվրոպական քաղաքական ավելի լայն ասպարեզում
ձևավորված լոբբիստական կազմակերպված կարողություններն ստեղծել են գործունեության լայն դաշտ՝ 1915
թվականի իրադարձությունները միջազգային օրակարգում պահելուց մինչև Թուրքիային առնչվող խորհրդարանական
նախաձեռնություններ, և Ղարաբաղյան հիմնախնդրից մինչև Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքական ճնշումների ու
պատժամիջոցների պահանջներ։ Այնուամենայնիվ, 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո
Հարավային Կովկասում ի հայտ եկած աշխարհաքաղաքական իրողությունն ավելի ու ավելի է բացահայտում
կազմակերպված սփյուռքյան որոշակի շրջանակների պահպանած պատմական քաղաքական մոդելի և Հայաստանի
Հանրապետության ժամանակակից պետական շահերի միջև եղած տարբերությունը։ Այս հոդվածը այդ տարբերությունը
բնորոշում է որպես «պետականություն ունեցող Սփյուռքի պարադոքս»։ Այն համեմատական քննության է ենթարկում
«907-րդ բաժնի» շուրջ ամերիկահայ լոբբինգը, Ֆրանսիայում խորհրդարանական քաղաքականությունը,
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցների
լուսաբանման առանձին օրինակներ… Հիմնական փաստարկն այն է, որ թեև հայկական Սփյուռքի պատմական նվաճումը
Հայկական հարցի միջազգայնացումն էր, անփոփոխ հակամարտության մոդելի շարունակական վերարտադրությունն այժմ
կարող է դիվանագիտական և տնտեսական վնասներ հասցնել ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև հենց
Հայաստանին, քանի որ Երևանը ձգտում է կարգավորել հարաբերությունները երկու պետությունների հետ»։
2․ «Հայաստանի քաղաքական կողմնորոշման երկու տարբեր մոտեցումներ՝ տարածքային պահանջներ և «Իրական
Հայաստան»» (հեղինակ՝ Թուղչե Թեջիմեր, 9 հոկտեմբերի, 2026 թ.)։
Ահա թե ինչպես է թուրք հեղինակն արձագանքել իմ հոդվածին. «2026 թ. սեպտեմբերի 20-ին Սփյուռքի արմատական,
ռազմատենչ հատվածը ներկայացնող «The California Courier» պարբերականում՝ «Փաշինյանը հակահայկական
հայտարարություններ է անում Երևանում կայացած միջազգային համաժողովում» վերնագրով հոդվածում խիստ
քննադատության են ենթարկվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը՝ սեպտեմբերի 17-ին
Երևանում անցկացված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» համաժողովի ընթացքում։
Կենտրոնանալով Ադրբեջանի հետ Փաշինյանի վարած խաղաղության գործընթացի, սահմանադրական
փոփոխությունների շուրջ բանավեճերի և պատմական հարցերում նրա մոտեցման վրա՝ հոդվածում պնդվում է, որ
վարչապետի վարած քաղաքականությունը հակասում է Հայաստանի ազգային շահերին։ Այնուամենայնիվ, հոդվածի
ամենաուշագրավ կողմը ոչ թե Փաշինյանի դիվանագիտական ընտրությունների քննադատությունն է, այլ Հայաստանի
ապագայի վերաբերյալ նրա ձևակերպած քաղաքական տեսլականը։ Մասնավորապես, Մուշի և Վանի վերաբերյալ նրա
բարձրացրած քննարկումն ընդգծել է սփյուռքյան որոշ շրջանակներում տիրապետող պատմական իրավունքների մասին
խոսույթի և Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգի միջև եղած տարբերությունը։ Հոդվածի հիմնական
առարկությունները վերաբերում են սահմանադրական փոփոխությունների հարցում Փաշինյանի դիրքորոշմանը, որոնք
դիտարկվում են որպես Ադրբեջանին արված չափազանց մեծ զիջումներ, ինչպես նաև տարածքային պահանջները մի
կողմ դնելու նրա որոշմանը։ Բացի այդ, նյութում մեջբերվում է մի դրվագ պատմության ուսուցչի մասին, որն
աշակերտներին ասում է, որ նրանք պետք է «ազատագրեն Մուշն ու Վանը», երբ մեծանան։ Այս օրինակի միջոցով
առաջ քաշված փաստարկը հստակ է. հայերը չպետք է հրաժարվեն այն տարածքների նկատմամբ պահանջներից, որոնք,
ըստ նրանց, կորսվել են անցյալում, այլ պետք է վառ պահեն այն հնարավորությունը, որ աշխարհաքաղաքական
պայմանների փոփոխությունը կարող է առիթ ստեղծել այդ հողերը վերադարձնելու համար»։
3․ «Հայաստանի կառավարությունը քննադատում է արմատական Սփյուռքին» (հեղինակ՝ Սելենա Էրվա Յալչին, 12
հոկտեմբերի, 2026 թ.)։
Ահա թե ինչ է գրել Յալչինը. «Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգը
որպես կառավարության պաշտոնական քաղաքականություն հռչակելուց հետո ընդդիմադիր խմբերը մշտապես
քննադատում են այն։ Այս տեսլականն առաջնահերթություն է տալիս առկա սահմանների շրջանակներում
խաղաղության, բարգավաճման և կայունության վրա հիմնված տարածաշրջանային հարաբերությունների հաստատմանը՝
միաժամանակ հրաժարվելով պատմական հավակնություններից։ Մինչ երկրի ներսում այս քննադատության հիմնական
աղբյուրներն ընդդիմադիր կուսակցություններն ու Եկեղեցու ղեկավարությունն են, արտաքին աղբյուրները Սփյուռքի
այն արմատական-ռազմատենչ տարրերն են, որոնք հայտնի են հակախաղաղարար իրենց դիրքորոշմամբ… Որպես AVİM՝
մենք բազմիցս ընդգծել ենք, որ Սփյուռքի արմատական և հակախաղաղարար դիրքորոշման հիմքում ընկած է չարամիտ
մոտեցում, որի նպատակն է՝ խաթարել Հարավային Կովկասի կայունությունը, Ադրբեջան-Հայաստան խաղաղության
պայմանագրի գործընթացը, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքը»։
4․ «Փաշինյանի՝ Նյու Յորքում ունեցած հանդիպումներից հետո. Սփյուռքի և Հայաստանի կառավարության միջև
լարվածությունն աճում է (հեղինակ՝ Հեյզել Քագան Էլբիր, 15 հոկտեմբերի, 2026 թ.)։
Ահա թե ինչպես է հեղինակն արձագանքել իմ մյուս հոդվածին. «Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերին
Նյու Յորք կատարած այցը, բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից, կրկին ուշադրության կենտրոնում
է դրել հայկական Սփյուռքի և Երևանի կառավարության միջև առկա կառուցվածքային լարվածությունը։ Հարութ
Սասունյանի հոդվածը, որը հրապարակվել է «The California Courier» և «The Armenian Weekly»
պարբերականներում՝ «Արդյոք Փաշինյանը Նյու Յորք էր եկել ՄԱԿ-ում ելո՞ւյթ ունենալու, թե՞ հայ ուսանողներին
պառակտելու նպատակով» վերնագրով, ներկայացնում է այս հակասության կոնկրետ օրինակը։ Ըստ Սասունյանի՝
հայկական համայնքի ավելի լայն շրջանակների հետ բաց երկխոսության մեջ մտնելու փոխարեն, Փաշինյանը փակ
հանդիպում է ունեցել «Համահայկական ուսանողական միության» (All-ASA) անդամ հանդիսացող ուսանողների
սահմանափակ խմբի հետ. սա դիտարկվել է որպես Սփյուռքում պառակտում մտցնելուն ուղղված ընտրողական քայլ։
Հոդվածի հիմնական փաստարկն այն է, որ Սփյուռքի և կառավարության միջև առկա ճեղքվածքը չի նվազում,
ընդհակառակը՝ հակադրության զգացումն ավելի է խորանում»։
Ադրբեջանցի և թուրք վերլուծաբանների ու նրանց երկրների ղեկավարների կողմից պարբերաբար, հաճախ նաև ակամա,
թույլ տրվող ամենամեծ սխալն այն է, որ որքան շատ են նրանք գովաբանում և աջակցում Նիկոլ Փաշինյանին, այնքան
ավելի են ամրապնդում այն տպավորությունը, թե նրա քաղաքականությունը բխում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի
և Թուրքիայի շահերից։ Սրանից ավելի ոչինչ չի ապացուցում, որ Փաշինյանի դիրքորոշումները ծառայում են
Հայաստանի հակառակորդների շահերին։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

