Eastern Armenian – «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Այս մտքերը ծագեցին գլխումս, երբ նամակ ստացա Իսպանիայի Վալենսիա քաղաքում ճենապակե արձանիկներ արտադրող աշխարհահռչակ «Լլադրո» (Lladro)՝ ընկերությունից: Շատերն իրենց տներում ունեն «Լլադրո» ընկերության արձանիկների թանկարժեք հավաքածուներ: Մարդիկ դրանք հաճախ նվեր են տալիս:
«Լլադրոյից» ստացածս նամակը գովազդ էր՝ վաճառելու իր վերջերս արտադրած ճենապակյա արձանիկը, որը կոչվում է «Ղարաբաղյան նժույգ»: Նժույգի պատկերին կից նամակում գրված էր. «Ղարաբաղյան նժույգն Ադրբեջանի մշակութային ժառանգության և նրա աննկուն ոգու խորհրդանիշն է: Մեր նկարիչներն այն պատկերել են ճենապակյայով՝ ընդգծելու այս յուրահատուկ ցեղատեսակի շքեղությունն ու գեղեցկությունը: Հետևելով հնագույն ավանդույթին՝ նժույգը ծածկված է ղարաբաղյան գորգի հայտնի նախշերով՝ զարդարված վառ գույներով և ոսկեգույն փայլերով: Բացահայտե՛ք այս նմուշի բոլոր մանրամասները, որը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ»։
Քանի որ ես շատ քիչ բան գիտեմ ձիերի մասին, համացանցում փնտրեցի «Ղարաբաղյան ձիու» մասին։ Ահա թե ինչ եմ գտել. «Ղարաբաղյան ձիերի ցեղատեսակը կրում է պարսկական ձիերի և այլ ցեղատեսակների ազդեցությունը, ինչպիսիք են ախալթեքեյան, կաբարդական, թուրքմենական և արաբական ձիերը»: Ախալթեքեյան ձին ծագում է Թուրքմենստանից, իսկ կաբարդականը՝ Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական Հանրապետությունից: Այդ նախադասության մեջ ես չեմ տեսնում որևէ հղում Ադրբեջանին։
Մեկ այլ ակնհայտ սխալի մեջ «Լլադրոն» իր էլեկտրոնային նամակում բացատրել է, որ «Ղարաբաղյան ձի» նշանակում է «Ոսկե ձի», որը սխալ է։ «Ղարաբաղ» անունը կազմված է երկու բառերից՝ «ղարա», որը թուրքերեն նշանակում է սև, և «բաղ», որը պարսկերեն նշանակում է այգի։ Ուստի Ղարաբաղ նշանակում է Սև այգի։
«Լլադրոն» վաճառում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկը՝ յուրաքանչյուրը 6580 դոլարով։ Այն «սահմանափակ քանակությամբ» արտադրություն է՝ ընդամենը 750 օրինակ։ Արձանիկը կշռում է 9 կգ, նրա չափերն են՝ բարձրությունը՝ 43 սմ, լայնությունը՝ 51 սմ և երկարությունը՝ 20 սմ:
«Ղարաբաղյան նժույգի» արձանիկը գովազդելու համար «Լլադրոն» իր շնորհանդեսն անցկացրել է Բաքվի Շիրվանշահ պալատի թանգարանում, որտեղ Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան կենդանի երաժշտական համերգ էր կազմակերպել: Հրավիրված բանախոսը եղել է Յաշար Քուլուզադեն, որն ամենամեծ թվով ղարաբաղյան իսկական ձիերի տերն է:
Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելու և ղարաբաղյան ձիու տարածմանն ամբողջ աշխարհում նպաստելու համար, նախագահ Ալիևը 2022 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նվիրել է ղարաբաղյան ձի և ձիասպորտի թեմայով երկու քանդակ։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ թագուհին ղարաբաղյան նժույգ է ստանում Ադրբեջանից։ Առաջինը եղել 1956 թվականին։
Քանի որ «Լլադրոյի» ղեկավարներին հետաքրքրում է միայն շահույթը, ապա հայերը և նրանց աջակիցները պետք է հակազդեն ղարաբաղյան նժույգի օգտագործմանը որպես ադրբեջանական քարոզչության գործիք՝ բոյկոտելով «Լլադրոյի» բոլոր ապրանքների գնումը: Բողոքները պետք է ուղարկվեն «Լլադրոյի» գլխավոր գործադիր տնօրեն Աննա Ռոդրիգես Նոգեյրասին, որի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ agonzalez@es.lladro.com։
Ես չգիտեմ, թե ինչ բիզնես պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի ղեկավարների և «Լլադրոյի» միջև։ Ո՞վ քանի տոկոս է ստանալու վաճառքից և ո՞վ է անձամբ օգտվելու ստացված եկամուտից:
Զարմանալի է, որ «Ղարաբաղյան նժույգի» արձանիկները դեռևս սպառված չեն, քանի որ դրանք թողարկվել են մի քանի ամիս առաջ։ Քանի որ Ադրբեջանի ղեկավարները շքեղ նվերներ են ընծայում Ադրբեջան այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչո՞ւ նրանք չեն գնել «Ղարաբաղյան նժույգի» ճենապակյա բոլոր 750 օրինակները և դրանք չեն տվել որպես հուշանվերներ: Համոզված եմ, որ նախագահ Ալիևը, որը միլիարդատեր է, կարող է հեշտությամբ իրեն թույլ տալ գնել բոլոր 750 օրինակները՝ յուրաքանչյուրը 6580 դոլարով՝ 4,9 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի