Կարո՞ղ են արդյոք Ռաֆայել Լեմկինի ազգականները ստիպել Լեմկինի ինստիտուտին հեռացնել նրա անունը
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, որը Փենսիլվանիայում գրանցված ոչ առևտրային
կազմակերպություն է, վերանվանվել է 2023 թվականին՝ աջակցելու նրանց, որոնք գտնվում են ցեղասպանության և
զանգվածային այլ ոճրագործությունների զոհ դառնալու վտանգի առաջ:
Ինստիտուտը կոչվել է լեհ-հրեական ծագում ունեցող, Հոլոքոստը վերապրած իրավաբան Ռաֆայել Լեմկինի (1900-
1959) անունով: Նա 1944 թվականին ստեղծել է ցեղասպանություն եզրութը՝ նկարագրելու համար այն, ինչը մինչ
այդ անվանում էին հայկական ջարդեր: 1948 թվականին, անխոնջ ջանքերի շնորհիվ, նրան հաջողվել է հասնել
Միավորված ազգերի կազմակերպության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և
պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը՝ ցեղասպանությունը դարձնելով միջազգային հանցագործություն:
Ինստիտուտը, որը բացառապես կամավորական կազմակերպություն է և չունի վարձատրվող անձնակազմ, նպատակ
ունի արժևորելու Լեմկինի աշխատանքը՝ փորձելով պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող վտանգված
համայնքներին, այդ թվում՝ արցախահայությանը: 2023 թվականի սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը
հրապարակեց 127-էջանոց զեկույց, որում նշվում էր արցախահայերի դեմ զանգվածային վայրագությունների,
մասնավորապես՝ ցեղասպանության վտանգի աճի մասին:
2025 թվականին Ռաֆայել Լեմկինի ազգական, իրավաբան Ջոզեֆ Լեմկինը դեմ արտահայտվեց Լեմկինի անվան
օգտագործմանն այդ ինստիտուտի կողմից՝ Գազայում Իսրայելի կողմից պաղեստինցիների սպանությունները որպես
ցեղասպանություն որակելու պատճառով: Ըստ The Times of Israel-ի՝ Ջոզեֆ Լեմկինը սիոնիստ է և Իսրայելի
աջակից, որի հայրը եղել է Ռաֆայել Լեմկինի զարմիկը:
«Նրանք աղավաղում են նրա [Ռաֆայելի] ժառանգությունը և յուրացնում նրա անունը՝ առաջ մղելու
ցեղասպանության այնպիսի սահմանում, որն անհամատեղելի է նրա կյանքի գործի վերաբերյալ մեր
պատկերացումների հետ», ասել է 57-ամյա Ջոզեֆ Լեմկինը: «Ինձ համար սա նրա հիշատակի արատավորում է՝ նրա
անվան հետ կապելով մեղադրանքներ, որոնք արժեզրկում են ցեղասպանության բուն էությունը»: Ջոզեֆ Լեմկինն
սպառնացել է դատի տալ Լեմկինի ինստիտուտին՝ անվան շուրջ ծագած վեճի պատճառով:
2026 թվականի ապրիլին Ջոզեֆ Լեմկինը և Եվրոպական հրեական ասոցիացիան (EJA) իրավական հուշագիր
ներկայացրեցին Փենսիլվանիայի Կորպորացիաների և բարեգործական կազմակերպությունների բյուրո՝ առարկելով
ինստիտուտի կողմից Լեմկինի անվան օգտագործման դեմ: «Որպես հաստատություն՝ նրանք կարող են հրապարակել
այն, ինչ ցանկանում են: Բայց նրանք չեն կարող ներկայանալ Ռաֆայել Լեմկինի անունով և միևնույն ժամանակ
աղավաղել նրա ժառանգությունը, ինչն ամբողջովին հակասում էր նման համոզմունքներին», նշել է EJA-ի
նախագահ և հիմնադիր ռաբբի Մենախեմ Մարգոլինը: «Նրանց արածն ամբողջությամբ անօրինական է, ուստի մենք
Փենսիլվանիայի իշխանությունների հետ արշավ ենք սկսել՝ նրանց գործունեությունը դադարեցնելու կամ առնվազն
անվանումը փոխելու համար»։
EJA-ի փաստաբանները նամակներ են ուղարկել Փենսիլվանիայի տարբեր պաշտոնյաների՝ խնդրելով հետաքննել
Լեմկինի ինստիտուտի՝ որպես 501(c)(3) հոդվածով հարկերից ազատված բարեգործական կազմակերպության
կարգավիճակը: Խումբը նաև դիմել է Իսրայելի սփյուռքի և հակասեմիտիզմի դեմ պայքարի ծայրահեղական նախարար
Ամիխայ Չիկլիի աջակցությանը, որը նամակ է գրել Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյին՝ կոչ անելով այս
հետաքննությունը դարձնել առաջնահերթություն: Ջոզեֆ Լեմկինին ներկայացնող իրավաբանական
ընկերություններից մեկը մեղադրել է Լեմկինի ինստիտուտին Համասին պաշտպանելու, Հեզբոլլահին աջակցելու և
Միացյալ Նահանգներին թիրախավորելու մեջ․ մեղադրանքներ, որոնք ինստիտուտը համարում է կեղծ և
զրպարտչական:
Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջին էլեկտրոնային նամակում պարզաբանել է. «Լեմկինների
ընտանիքի մի քանի անդամներ աջակցում են մեր գործունեությանը և ընդունում են, թե ինչպես ենք մենք կիրառում
Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններն ու վերլուծությունները կանխարգելման մեր սեփական
մեխանիզմներում»։
Լեմկինի ինստիտուտը 2025 թվականի հոկտեմբերի 14-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մեր
կողքին են Լեմկինի ընտանիքի անդամներ, որոնք կապ են հաստատել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից [Համասի
հարձակումը] հետո։ Պիտեր Լեմկինը, ում մանկության տուն հաճախ այցելում էր Ռաֆայել Լեմկինը, հատկապես մեծ
աջակցություն է ցուցաբերել՝ քաջալերելով, կիսվելով Լեմկինի աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումներով և
տեղեկացնելով պետությունների կողմից Ցեղասպանության կոնվենցիայի վավերացման ջանքերում իր ընտանիքի
սերտ համագործակցության մասին …․ Միայն Իսրայելի վերաբերյալ մեր աշխատանքն է հանգեցրել համակարգված
զրպարտչական արշավի Միացյալ Նահանգներում վտանգավոր և նախադեպ ստեղծող հետևանքներով»: Չեխիայում
բնակվող Պիտեր Լեմկինը միացել է Լեմկինի ինստիտուտի խորհրդին:
Լեմկինի ինստիտուտի կողմից Ռաֆայել Լեմկինի անվան օգտագործման շուրջ ծագած վեճն իրականում քաղաքական
բնույթ է կրում և ոչ թե իրավական։
Ռաֆայել Լեմկինի ազգականները որևէ վերահսկողություն չունեն նրա անվան օգտագործման նկատմամբ, եթե միայն
հատուկ չեն ժառանգել նրա անվան օգտագործման օրինական իրավունքները: Հայտնի չեն փաստաթղթեր, որոնք
վկայում են, որ Ռաֆայել Լեմկինը նման իրավունքներ է կտակել իր ազգականներից որևէ մեկին: Քանի որ
Ռաֆայելը մահացել է ծայրահեղ աղքատության մեջ, նրա ազգականներից ոչ մեկը որևէ ժառանգություն չի ստացել:
Նույնիսկ եթե լինեին նման ժառանգության ապացույցներ, Փենսիլվանիայի օրենսդրությամբ անվան առևտրային
օգտագործման համար կա 30 տարվա ժամկետ: Լեմկինը մահացել է 1959 թվականին: Այսպիսով, Փենսիլվանիայի
օրենքով, այդ իրավունքի գործողության ժամկետը սպառված կլիներ 1989 թվականին: Ավելին, այդ օրենքը
տարածվում է Փենսիլվանիա նահանգում մահացած անձանց վրա, մինչդեռ Ռաֆայելը մահացել է Նյու Յորքում:
Ինչ վերաբերում է քաղաքական բանավեճում ներգրավված Լեմկինի որոշ ազգականներին, որոնք Իսրայելի
ջերմեռանդ աջակիցներ են, ապա կան այլ ազգականներ, որոնք դեմ չեն Գազայի պաղեստինցիների նկատմամբ
Իսրայելի գործողությունների վերաբերյալ ինստիտուտի քննադատությանը: Ավելին, Ռաֆայելի ազգականներից մեկը
որոշել է միանալ ինստիտուտի խորհրդին։
Հետևաբար, Լեմկինի այն ազգականները, որոնք դեմ են ինստիտուտի անվանմանը, չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ
քաղաքական լիազորություն՝ արգելելու դրա օգտագործումը: Մեծ է հավանականությունը, որ եթե այս հարցը հասնի
դատարան, Լեմկինի ինստիտուտը կհաղթի:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

